Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԲԱԽԻ ԶԱՎԱԿՆԵՐՆ ԵՆՔ»

«ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԲԱԽԻ ԶԱՎԱԿՆԵՐՆ ԵՆՔ»
06.09.2011 | 00:00

Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգաշրջանն ամփոփվեց ուշագրավ մի համերգով: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վահան Մարտիրոսյանի և նվագախմբի հյուրն էր փարիզաբնակ ջութակահար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
Կամերային երաժշտության տան մարդաշատ դահլիճում նրանք կատարեցին Յո. Ս. Բախի երկու կոնցերտները (մի մաժոր և լա մինոր) և Դմիտրի Շոստակովիչի 8-րդ կվարտետի նվագախմբային տարբերակը: Հակիրճ անդրադառնամ կատարված գործերին, այնուհետև ներկայացնեմ մի քանի դրվագ մենակատարի հետ երկխոսությունից:
Համերգին Բախի կոնցերտները հնչեցին նորովի, և այդ կատարումը հիմնված էր Բախի ձեռագրի, բնօրինակի, այլ ոչ թե ավանդական, խմբագրված տարբերակների վրա: Կատարողները ձգտում էին երաժշտությունը վերստեղծել այնպես, ինչպես հավանաբար այն հնչել է Բախի օրոք` շտրիխները, առոգանությունը, հնչյունը և այլն:
Բախի արվեստի այսօրինակ «ընթերցումը» ակտիվացրեց մեր ընկալումները: Մի անգամ ևս համոզվեցինք, որ արվեստի հարատևությունը հենց նորանոր մեկնաբանությունների հնարավորության մեջ է` միշտ հինը և միշտ նորը, որ մոտեցնում է մեզ անհաս իդեալին:
Երաժիշտների խանդավառ կատարումը, յուրօրինակ մեկնությունն առաջացրին բազում ասոցիացիաներ, զուգահեռներ և համեմատություններ:
Ե՛վ համերգից ստացած տպավորությունները, և, մանավանդ, երաժշտության անտեսանելիությունը ստիպում են դիմել պատկերավոր խոսքի, ստիպում են «բռնել կայծակը»:
Լա մինոր կոնցերտի 1-ին և 3-րդ մասերում ծավալվող հնչյունային պտտահողմը, հաղթահարելով խոչընդոտները, հափշտակում է մարդուն, վեր խոյացնում նյութաշխարհից, հողեղեն մոլորություններից: Կոնցերտի միջին մասի բասերի երթը, ասես, հսկայի քայլեր են: Ի դեպ, ըստ Ալբերտ Շվայցերի, Բախի երաժշտության արտահայտչամիջոցներից են մարդու քայլը, անցնելիք ճանապարհը խորհրդանշող դարձվածները: Երաժշտագետն առանձնացնում է երկու բնույթի քայլք. մեկը` Հին կտակարանում հիշատակված խաղողից գինի քամող գինեգործի հաղթական քայլերը, որոնք ասես արձագանքվում են հիշյալ Կոնցերտում, մյուսը` դեպի Գողգոթա տանող Խաչի ճանապարհով բարձրացող Հիսուսի ծանր քայլերն են, որոնք արտացոլված են մի մաժոր Կոնցերտի միջին մասի բասերում: Եթե այս Կոնցերտի 1-ին մասի բերկրանքը դիտենք որպես Փրկչի Ծննդյան ավետիս, ապա ֆինալի ցնծությունը Հարության հրաշքն է ավետում: Ահա այս ամենը մեր աչքերի առջև վերստեղծեցին, պարգևեցին մեզ հիշյալ համերգի երաժիշտները: Մեծ ներշնչանքով նրանք կատարեցին նաև Շոստակովիչի 8-րդ կվարտետը` նվիրված ֆաշիզմի և 2-րդ աշխարհամարտի զոհերի հիշատակին: Սակայն, ի դեմս ֆաշիզմի, հեղինակը դատապարտում է բռնատիրության բոլոր դրսևորումները. չէ որ չարը չունի ո՛չ ազգություն, ո՛չ սահման: Շոստակովիչն ինքն իրեն էլ էր դասում այդ զոհերի թվին և խոստովանել է, որ կվարտետը նվիրված է և իրեն, քանի որ ինքը վստահ չէր, որ իր վախճանից հետո որևէ մեկն իրեն` Շոստակովիչին, որևէ գործ կնվիրի: Սակայն շտապենք հիշեցնել, որ Առնո Բաբաջանյանն իր 3-րդ կվարտետը նվիրել է Շոստակովիչի հիշատակին։
Ստալինյան բռնատիրությունից մեծապես տուժել են նաև Արամ Խաչատրյանը, Դավիթ Օյստրախը և շատ շատերը: Տեղին է հիշել մեծ ջութակահարի վերապրածը, որը ժամանակի ողբերգությունն էր, և այն ընդհանրացված կերպով արտացոլված է Շոստակովիչի կվարտետում:
Պետանվտանգության կողմից իրագործվող համատարած ձերբակալությունների ալիքը հասել էր նաև Օյստրախի տան շեմին: Մինչ այդ ձերբակալել էին հարևաններին, և մնացել էր երկու ընտանիք: Երբ ուշ գիշերին «ԿաԳեԲեի» ծառայողների քայլերը մոտեցան բնակարանի հարթակին, սարսափ պատեց, իսկ երբ քայլերը հեռացան և մոտեցան հարևանի դռանը, Օյստրախը թեթև շունչ քաշեց: Ջութակահարը հետագայում խոստովանել էր, թե մինչև կյանքի վերջը ինքն իրեն չի ների այդ «թեթև շնչի» համար:
Ահա այդ և նման շատ դռների սահմռկեցուցիչ թակոցը Շոստակովիչի կվարտետի առանցքային լայտռիթմն է հանդիսանում: Այդ եռատրոփ դարձվածը, ասես, վանկարկում է «ԿաԳեԲե», կամ «ԷմԳեԲե», կամ «ՎեՉեԿա»: Այս բոլոր հապավումները նշանակում են միևնույն Պետանվտանգություն հաստատությունը և տարիներ շարունակ ամենահաճախ գործածվող սարսափազդու բառերից էին։ (Մթնոլորտն այնքան էր ներծծված այդ վանկերով, որ նույնիսկ պատմում էին հետևյալը. մի մարդ հարևանի այծին սատկեցրել էր, քանի որ այծն ամեն առավոտ վախեցնում էր այծասպանին` մկկալով «Կա-Գե-Բե, Կա-Գե-բե, Կա-Գե-Բե»)։
Պատահական չէ, որ նշյալ երեք հարվածներից բաղկացած դարձվածը բազմիցս կրկնվում է նաև Արամ Խաչատրյանի նախավերջին ստեղծագործությունում` ջութակի Սոնատ-մենանվագում: Այստեղ հեղինակը հանձնարարել է աղեղի պոչով հարվածել ջութակի կզակին, ինչը խիստ նմանվում է դռան տագնապալի թակոցին։ Այդ չարաբաստիկ թակոցները (հնգազարկ) արձագանքվում են նաև Առնո Բաբաջանյանի նշված կվարտետում։
Հիշյալ եռազարկ դարձվածը դասական կվարտետի հիմնադիր Յոզեֆ Հայդնի արվեստում ստանում է մերթ նրբագեղ, մերթ խաղացկուն, մերթ հզոր, բայց միշտ կենսահաստատ բնույթ: Եվ երբ հետևում ես այդ արխետիպ դարձվածի պատմական փոխակերպումներին, զարմանում ես, թե որքան է չարացել աշխարհը: Այս զգացողությունը Շոստակովիչի կվարտետում խորացվում է «Մահվան պարի»` մոլեգնող վալսի գրոտեսկային ծամածռություններով, և «Замучен тяжелой неволей» հայտնի հեղափոխական երգի հնչերանգներով:
Կվարտետի բովանդակության և ձևակառուցման ասպարեզում հիմնարար դեր է խաղում կոմպոզիտորի անվան լատիներեն տառերին համապատասխանող նոտաներից բաղկացած դարձվածը` «ռե-մի բեմոլ-դո-սի» (D-Es-c-h):
Ի դեպ, անվան տառերը երաժշտական «ակրոստիքոս» դարձնելու ավանդույթը գալիս է Բախից, և Բախի ու Շոստակովիչի «անունները» նման կառուցվածք ունեն և կվարտետում փոխակերպվելիս, փոխներթափանցում են, խորհրդանշելով երկու հանճարների համերաշխությունը, նրանց սրտերը դարձնում «հաղորդակից անոթներ»: Նման բան տեղի է ունենում նաև Բաբաջանյանի` Շոստակովիչին նվիրված կվարտետում, որտեղ Շոստակովիչի և Բաբաջանյանի «անուններն» են միահյուսվում:
Դառնալով Շոստակովիչի 8-րդ կվարտետին, նշենք, որ այն կլիներ հոռետեսական, անհույս, եթե մերթ ընդ մերթ չառկայծեին Ահեղ դատաստանի հայտնի թեմայի ստվերակերպ ակնարկումները (Օրն ցասման...):
Թվում էր, թե համերգի ավարտը ավելի լավատեսական կլիներ, եթե, հակառակ ժամանակաշրջանի, սկզբում հնչեր Շոստակովիչի կվարտետը, հետո` մարդկության փրկությունը, Հարության գաղափարը պարունակող Բախի կոնցերտները: Իսկ գուցե պահպանելով պատմության ժամանակացույցը, ծրագիր կազմողները ցանկացել են շեշտել այն, որ չարը դեռ մոլեգնում է աշխարհում, և «Ավարայրը շարունակվում է»...
Երևանյան իր երկրորդ համերգում Դավիթը հանդես եկավ զուտ կամերային ծրագրով: Նրան ընկերակցում էին Կոմիտասի անվան քառյակի թավջութակահարուհի Հասմիկ Վարդանյանը և «Նաիրի» քառյակի ջութակահար Տիգրան Մաթևոսյանը, ալտահար Արմեն Թորոսյանը և թավջութակահար Լևոն Առաքելյանը, ինչպես նաև ալտահարուհի Լիլիթ Մխիթարյանը: Նույն դահլիճում կատարվեցին Բրամսի 2-րդ կվարտետը և 1-ին սեքստետը: Ծրագրից դուրս հնչեցին Կոմիտաս-Ասլամազյանի մանրանվագները, հանրաճանաչ երգերի մշակումներ:
Ըստ երաժշտագետ Իվան Սոլերտինսկու, Բրամսի սիմֆոնիաները «մոնումենտալացված կամերային երաժշտություն են»: Սակայն 2-րդ կվարտետը, կարելի է ասել, հակառակն է: Այն մի «պայթուցիկ» սիմֆոնիա է քառյակի համար: Պայթուցիկ ասելով, նկատի ունեմ կվարտետի 1-ին և 4-րդ մասերի հրաշունչ դրվագները, որոնք հակադրվում են մնացած մասերի մերթ մտերմիկ, մերթ խաղացկուն ու նրբագեղ, մերթ մելանխոլիկ հատվածներին: Այս կվարտետային «սիմֆոնիայում» էականը նվագողների քանակը չէ, այլ մտածողությունն է, մարմնավորված գաղափարներն են, ասելիքի բնույթը, թափը, կոնֆլիկտայնությունը: Խոսքն այստեղ ոչ թե սիմֆոնիա կառույցի, այլ սիմֆոնիզմի, սիմֆոնիկ մտածողության մասին է: Նույն նկատառումով են բնորոշում հայ միջնադարյան մանրանկարչության մեծակերտությունը: Դավթի ղեկավարած կվարտետը կարողացավ ստեղծել սիմֆոնիայի տպավորություն: Այն հնչում էր միաձույլ, դինամիկ, ալեկոծումով:
Ինչ վերաբերում է սեքստետին, ապա հետաքրքիր է նշել, որ Բրամսը այն հորինել է 26-27 տարեկանում, գրեթե նույն տարիքին են և կատարողները` սիրով միավորված վեց երաժիշտ, ովքեր սրտառուչ զրույց են վարում: Այն ինչ-որ տեղ հիշեցնում է Էդուար Մանեի «Նախաճաշը բնության գրկում» տեսարանը, Պլատոնի «Խնջույք» դիալոգը, որի խնդրո առարկան է Գեղեցիկը:
Մի խոսքով, այս սեքստետը սիրահարված Բրամսի սրտի ծաղիկն է: Այն սնվում է Շուբերտի երգայնությամբ, Հայդնի պարզությամբ, Բեթհովենի հովվերգականությամբ, նաև հունգարական ֆոլկլորով: Մինչդեռ 2-րդ մասում նշմարվում է ապագա առյուծակերպ Բրամսը, և այն մռնչյունը, որ լսվում է այստեղ, 4-րդ սիմֆոնիայի ողբերգական պասսակալլայում, արձագանքվում է տիեզերքով մեկ: Բացի այդ, եթե սեքստետի հովվերգական դրվագներում լսվում է Բեթհովենի 6-րդ սիմֆոնիայի առվակի խոխոջը, ապա 2-րդ մասում մի ամբողջ ծով է ալեկոծվում և «մատնում» Բրամսի «վիկինգային» շառավիղը (մայրը ծագումով Նորվեգիայից էր): Ահա թե մշակութային ինչպիսի բազմազանություն է միաձուլել իր սրտի քուրայում մեծն Բրամսը: Եվ հիշյալ համերգում երաժիշտները, Դավիթ Հարությունյանի ղեկավարությամբ, ամենայն պատասխանատվությամբ և ներշնչանքով մատուցեցին այս երանավետ երաժշտությունը: Չեմ կարող չնշել Լևոն Առաքելյանի բարձրարվեստ նվագը, հատկապես 1-ին ջութակի հետ երկխոսություններում իսկական Բրամս էր:
Ստորև մեջբերենք մի հատված ջութակահարի հետ ունեցած մեր երկխոսությունից, ինչը կարող է մի քանի նրբագիծ ևս ավելացնել արվեստագետի ստեղծագործական դիմանկարին:
ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏ -Դավիթ, խնդրեմ պատմիր համերգի հետ կապված քո ապրումների մասին:
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ-Հուզմունքս և պատասխանատվությունս մեծ էին, չէ՞ որ նախորդ համերգս իմ հայրենիքում տեղի է ունեցել նույն նվագախմբի հետ` երջանկահիշատակ Էմին Խաչատրյանի ղեկավարությամբ: Հուզվում էի, մանավանդ որ դահլիճում ներկա էր ուսուցիչս` Պետրոս Հայկազյանը, տեսա բարեկամներիս, ներկա էին խստապահանջ մասնագետներ: Բավական է նշել Տիգրան Մանսուրյանին, ուրախալի էր տեսնել նաև Չայկովսկու անվան միջազգային մրցույթի նորընծա հաղթող, թավջութակահար Նարեկ Հախնազարյանին և այլ հարգարժան ունկնդիրների:
Դ.Ե. -Ինչո՞վ էր պայմանավորված այդքան յուրօրինակ ծրագիրը:
Դ.Հ. -Ծրագիրը կազմել ենք Վահան Մարտիրոսյանի հետ: Դա մի հարմոնիկ ծրագիր էր: Ինչպես լսեցիք, Բախի կոնցերտները մենք կատարեցինք բնօրինակի հիման վրա: Ես ինքս նվագախմբի բոլոր նվագաբաժինները համապատասխանեցրել էի բնօրինակին և օր առաջ ուղարկել Երևան:
Բախի ժամանակ մենակատարը չէր հակադրվում նվագախմբին իբրև մրցակից, այլ նվագում էր միաձուլված, բայց որպես առաջին ջութակահար նրա նվագը պարբերաբար առանձնանում էր, ճյուղավորվում, բխում ընդհանուրից: Մենակատարը` որպես լիդեր, անհատ, առանձնացավ, հակադրվեց նվագախմբին, հետագայում հատկապես Բրամսի, Սիբելիուսի, Արամ Խաչատրյանի և ուրիշների արվեստում:
Դ.Ե. -Մեր օրերում բավական տարածված է բարոկկո շրջանի երաժշտությունը: Նույնիսկ մի տեսակ մոդա են դարձրել: Կարելի է ասել, տեղի է ունենում բարոկկոյի ռենեսանս: Խնդրեմ քո վերաբերմունքը այս հարցին:
Դ.Հ. - Այո, այժմ վերականգնվում են բարոկկո շրջանի գործիքները, հրատարակվում են ստեղծագործությունների բնագրերը, մասնավորպես, Բախի գործերը: Օրինակ, ջութակի սոնատները և պարտիտները այժմ նվագում են այլ կերպ: Մենք չենք կարող մոռանալ Դավիթ Օյստրախի, Հենրիկ Շերինգի մեկնաբանությունները, որոնք ավելի շատ մեր ժամանակին են համապատասխանում, քան բարոկկոյին: Բայց դրանք այնքան կատարյալ էին, այնքան ազդեցիկ, որ գեղագիտական, ոճական պատկանելության մասին չէիր էլ մտածում: Իսկ բարոկկոյի ոճով նվագելը բացահայտում է տվյալ ստեղծագործության մի նոր շերտ և հարստացնում է մեր պատկերացումներն այդ գործի մասին: Եվ տարբեր մեկնաբանությունները, միմյանց լրացնելով, մոտենում են ճշմարտությանը: Բայց այդ բոլորը միասին չեն կարող հավասարվել բուն ստեղծագործությանը: Օրինակ, Բախի սի-մինոր Մեսսայի ոչ մի կատարում չի կարող այնքան հանճարեղ լինել, որքան ինքը` ստեղծագործությունը: Ստեղծագործությունն ինքը անհասանելի իդեալ է:
Դ.Ե. -Հայտնի է, որ համերգի ծրագիրը պարզապես լավ գործերի հավաքածու չէ, այլ մի ընդհանուր գաղափարով փնջված կտորներ է, «դրամատուրգիա» է: Ի՞նչ ընդհանուր բան ես նկատել Բախի և Շոստակովիչի միջև, ի՞նչն ես շեշտադրում:
Դ.Հ. -Բացի որոշ ստեղծագործական սկզբունքներից, օրինակ, որ Շոստակովիչը, հետևելով Բախին, ինքը ևս հորինել է բոլոր տոնայնությունների վրա հիմնված դաշնամուրային պրելյուդ և ֆուգաների շարք, նրանց երաժշտության համամարդկային բնույթն է ընդհանուր, մարդու հոգու խորքերը թափանցելու կարողությունը: Մի հետաքրքիր փորձ է կատարել իսպանացի պոետ Գարսիա Լորկան: Նա հրավիրեց մի ժողովրդական երգչուհու` ունկնդրելու Բախի, Բեթհովենի և Գուստավ Մալերի երաժշտությունը:
Երգչուհին չուներ երաժշտական կրթություն և առաջին անգամ պիտի լսեր այդ գործերը: Մալերի և Բեթհովենի նկատմամբ նա մնաց անհաղորդ, անտարբեր: Սակայն Բախը շարժեց նրա սիրտը, և նա կարծես լցվեց, ինչ-որ ոգի մտավ նրա մեջ, հուզեց նրան: Ահա սա է երաժշտության համամարդկային ուժը:
Դ.Ե. -Պատահական չէ, որ Մենդելսոնն ասում էր. «Մենք բոլորս Բախի զավակներն ենք»:
Դ.Հ. - Բախի պես է ներգործում նաև Շոստակովիչի երաժշտությունը: Այնպես որ երկու կոմպոզիտորների երաժշտությունը մեկ համերգում միանգամայն համատեղելի է:
Դ.Ե. - Դավիթ, չգիտեմ` քեզ հայտնի է, թե ոչ, բայց տեղին է հետևյալ փաստը: Կարծեմ անցյալ դարի 60-ական թվականներին էր, երբ մեծ հետաքրքրություն առաջացավ այլմոլորակային քաղաքակրթությունների նկատմամբ: Ամերիկացիք մի հրթիռ ուղարկեցին տիեզերք և խցիկում զետեղեցին մարդկության մասին տարբեր տեղեկություններ` արտաքին տեսքի, կենցաղի, տեխնիկայի, գիտության, արվեստի նվաճումների մասին: Այս ամենի թագ ու պսակը Բախի երաժշտության ձայնագրությունն էր: Լորկան կուրախանար, մի անգամ ևս համոզվելով, որ Բախը ոչ միայն համամարդկային, այլ համատիեզերական երևույթ է:
Դավիթ, ևս մեկ հարց: Վահանը հայտնի է նաև որպես վիրտուոզ դաշնակահար, և ուրախալի է, որ նա հանդես է գալիս իբրև դիրիժոր, աշխատում և՛ Ֆրանսիայում, և՛ Հայաստանում: Ի՞նչ կասես ձեր համագործակցության մասին:
Դ.Հ. -Ժամանակին Վահանի հետ կարճատև հանդիպել եմ Երևանում, հետո հանդիպեցինք Փարիզում: Ֆրանսերեն դեռ լավ չգիտեի, և նա բավական օգնեց: Մեր միջև ընդհանուր շատ բան կա: Մեր ընտանիքները արվեստագետների ընտանիքներ են` երկուսս էլ սիրում ենք և կատարում կամերային երաժշտություն և այլն: Այնպես որ, մեր բարեկամությունն ամուր է, ստեղծագործական:
Դ.Ե. -Ինձ հայտնի է, որ հայրդ` անվանի ջութակահար Հրաչյա Հարությունյանը, Փարիզի Ազգային կոնսերվատորիայի պրոֆեսոր է և կարողացել է կոնսերվատորիայի պարտադիր ծրագրում ներմուծել նաև Արամ Խաչատրյանի ջութակի պիեսներից: Կարելի է մտածել, որ դուք` ձեր ընտանիքը, Վահանը շարունակում եք «հայ մնալ» Ֆրանսիայում` Ազնավուրի երկրում, և բարձր պահել հայ արվեստի վարկանիշը:
Դ.Հ. -Մենք միշտ հայ ենք, երբեք չենք մոռանում մեր հրաշալի մշակույթը, և որքան հնարավոր է` հաղորդակից ենք դարձնում նաև ուրիշներին:
ՈՒրախանում ենք, երբ հյուրախաղերի են գալիս անվանի հայ երաժիշտները: Առիթը բաց չենք թողնում հանդիպելու ջութակահար Ռուբեն Ահարոնյանին: Անմոռանալի է մեր երևանյան համերգը Ահարոնյանի հետ, երբ մենք նվագեցինք Վիվալդիի` 2 և 3 ջութակների համար գրված կոնցերտները:
Դ.Ե. -Կարծում եմ` Ֆրանսիայում հանդիպած կլինես մեր մյուս մեծ ջութակահար Ժան Տեր-Մերկերյանին:
Դ.Հ. -Այո, իհարկե, Ժանն ապրում է Մարսելում: Երկու դաս եմ ստացել վարպետից, և շատ եմ ափսոսում, որ քիչ էր։
Դ.Ե. -Ժանի երկու դասերը ավելին են, քան երկուսը, և շատ բան կարող են տալ սովորողին: Ի դեպ, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ընտանիքի մշակութային «դեսանտի» համար, նկատի ունեմ այն, որ քո համերգներից հետո Երևանի կոնսերվատորիայի սաները հնարավորություն ունեցան լսելու նաև Հրաչյա Հարությունյանի վարպետության դասերը։
Դ.Հ. -Ես պետք է տեսնեի Ժանին անպայման, և տեսա՛: Նա ինձ հիշեցնում է Նաթան Միլշտեյնին: Ճիշտ է, ես Միլշտեյնին չեմ տեսել, բայց Ժանին լսելով, կարող եմ ասել, որ տեսել եմ նաև Միլշտեյնին: Նրանց միջև ընդհանուրը կատարելագործվելու մշտական ձգտումն է:
Օրինակ, Միլշտեյնը 11 տարեկանում, կարելի է ասել, կատարելապես տիրապետում էր ջութակին, բայց կյանքի վերջում` 82 թե 83 տարեկանում, դեռ շարունակում էր փնտրել Պագանինիի կապրիսների առավել կատարյալ մեկնությունը:
Դ.Ե. -Հիրավի, Ժանն էլ մշտապես կատարելագործվում է: Ստեղծագործական անբավարարվածությունը, նորանոր հորիզոններ տեսնելու նրա ունակությունը և երաժշտության կենդանի թրթիռը կաղապարելու նկատմամբ բացասական վերաբերմունքը թույլ չեն տվել նրան շատ ձայնագրություններ կատարելու և պահպանելու:
Ժանն այն եզակի երաժիշտներից է, ում ելույթներին պարզապես կարոտում են, սակայն զարմանալին դա չէ, այլ այն, որ ջութակահարների նոր սերունդը, կոնսերվատորիայի որոշ ուսանողներ, ովքեր չեն լսել, չեն տեսել Ժանին, նրա լուսանկարը պահում են իրենց ջութակի պատյանում, բազմացնում և նվիրում ընկերներին:
Դավիթ, կարծում եմ, տեղին կլիներ մեր զրույցն ավարտել մի ասույթով, որ լսել եմ մեր ուսուցչից` Ժան Տեր-Մերկերյանից. «Կատարելությունը, իդեալը նման է հորիզոնի. որքան մոտենում ես, այնքան հեռանում է»:

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 2819

Մեկնաբանություններ